Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։
Նախագիծն ընդունվեց 71 կողմ, 0 դեմ,0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Արդարադատության նախարարը ավելի վաղ հայտնել է, որ նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման 1 ամսվա ընթացքում։ Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով։
«Քաղաքացիներին չեն գաղտնալսելու»,-նշել է նա։
Այսօր առաջին և երկրորդ ընթերցման ժամանակ ներկա չէին ԼՀԿ և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս ներկա էր նիստին և հայտնել է, թե ինչ կարգով են քաղաքացիները իմանալու, որ շփվել են վիրուսակրի հետ։
«ԱԻՆ աշխատակիցը, որը նստելու է Կառավարության շենքի 5-րդ հարկում, իմ սենյակի հարևանությամբ, զանգելու է տվյալ անձին և րոպե առաջ հայտնի, որ տվյալ անձը, ամենայն հավանականությամբ, շփվել է վարակակրի հետ։ Համակարգը ավտոմատացված է, չկա մարդկային գործոն։ Կա ծրագիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը և այդ անձանց մենք զանգում տեղեկացնում ենք։ Եթե անձը հայտնում է, որ շփվել է վարակակրի հետ, մենք նրան խնդրում ենք ինքնամեկուսանալ։ Արդյոք մեր հայրենակիցները չունեն այդ իրավունքը օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ տեղեկացված լինել, որ շփվել են վարակակրի հետ։ Ես համոզված եմ, որ ունեն»,-նշել է նա։
Փոխվարչապետը խոսեց նաև այլ երկրների փորձի մասին, որոնք կիրառել են այս մեթոդը։
Մանրամասները՝ տեսանյութում