Ազգային ժողովում այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստին քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Խոսքը վերաբերում է դիահերձումներին և Առողջապահության նախարարության կողմից ներկայացված նախագծի մեջ նշվում է, որ օրենքի լրացման դեպքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է, ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում՝ կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից: