Շուրջ 127 հազար քաղաքացու կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի

Կառավարության արտահերթ նիստին այսօր՝ մարտի 30-ին որոշում ընդունվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին:

  1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ՝ Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Շահառու): Մասնավորապես՝
  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:
  1. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:
  2. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
  3. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ Շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
  4. Վարձու աշխատողները Շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:
  5. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝
  • վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
  • վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,
  • անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
  • անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:
  1. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
  2. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
  3. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:
  4. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել