ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Մաքրման և վերականգնման աշխատանքներ Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաև Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում: Մարտի 2-ից ի վեր արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել մայր ջրանցքներում, հեռացվել է կուտակված մամուռն ու տիղմը, կենցաղային աղբը:
Նկարներն արված են արտակարգ դրության խստացված պայմաններին նախորդող տասնօրյակում:
Հաշվի առնելով, որ Պարետի որոշմամբ տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ուղղությամբ՝ արտակարգ դրության պայմաններում ոռոգման սեզոնին ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը չի դադարի:
Անչափ գնահատելի է, որ գործընթացում ներգրավված աշխատակիցները, այս օրերին շարունակելու են իրենց անխոնջ աշխատանքը, որպեսզի առաջիկայում ապահովեն մշակովի հողատարածքների անխափան ջրամատակարարումը:
Այս ընթացքում նրանց կտրամադրվեն առաջին անհրաժեշտության պարագաներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր:
Կգործի աշխատանքային հերթափոխ»: