Արման Թաթոյանը դիմել է ոստիկանապետին՝ «ոստիկանության բաժնում ծեծի ենթարկված» քաղաքացու ահազանգի հիման վրա

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է երեկ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկություններին, որ 48-ամյա մի քաղաքացու ոստիկանության բաժանմունքում խոշտանգել են, նվաստացրել, ծեծի ենթարկել:

«Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Ուսումնասիրվել են բոլոր հրապարակումները: Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Փաստաբանն այսօր կամ վաղը կներկայացնի ինձ ուղղված գրավոր դիմում՝ մանրամասներով:

Երեկ նաև խոսել եմ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրեց, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Նշեց նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

Այս հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Աշխատակազմին տվել եմ հարցը մեր անմիջական ուշադրության ներքո պահելու հանձնարարական՝ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները կատարելու պահանջով»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից դեպքի մասին հայտարարության մեջ նվում է.

«Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:

Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել