Երեխան կկարողանա շփվել տատի ու պապի հետ առանց մոր ներկայության

Ներսես Զաքոյանը դստերը` Նուրի Զաքոյանին տեսակցելու, նրա հետ շփվելու համար դիմել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին: Միաժամանակ նույն հանձնաժողովին են դիմել նաև Նուրի Զաքոյանի պապիկն ու տատիկը` Հովհաննես Զաքոյանն ու Նունե Բաբալյանը:

Նուրի Զաքոյանին տեսակցելու կարգ սահմանելու պահանջով Ներսես Զաքոյանը դիմել է դատարան:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.06.2009թ.-ի թիվ ԵԱՔԴ /0407/02/09 վճռով հաստատվել է Ներսես Զաքոյանի և Աննա Քրմոյանի միջև 12.06.2009թ.-ին կնքված հաշտության համաձայությունը, որի համաձայն` Աննա Քրմոյանը և Ներսես Զաքոյանը համաձայնվել են վերջինիս և Նուրի Զաքոյանի հետ տեսակցությունը կազմակերպել յուրաքանչյուր չորեքշաբթի օրերին, ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ու կիրակի օրերին, ժամը 11:00-ից 13:30-ը ընկած ժամանակահատվածում, կողմերի փոխադարձ համաձայնույամբ ընտրված վայրում` ք. Երևան, Գ. Արծրունու 28 շենքի թիվ 4 բնակարանում` Աննա Քրմոյանի ներկայությամբ: Նշված եղանակով կարգը կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել էր հաշվի առնելով երեխայի մոտ երկու տարեկան լինելու հանգամանքը:

Այժմ երեխան հինգ տարեկան է, նրա հետ շփումն առանց մոր ներկայության հնարավոր է, հայրն ու երեխայի տատիկն ու պապիկը կարող են առանց մոր մասնակցության հոգ տանել երեխայի մասին, շփվել նրա հետ, կազմակերպել նրա առօրյան ու կենցաղը, ուստի Ներսես Հովհաննեսի Զաքոյանը, Հովհաննես Ռուդոլֆի Զաքոյանը և Նունե Ներսեսի Բաբալյանը դիմելով դատարան, խնդրել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.06.2009թ.-ին թիվ ԵԱՔԴ /0407/02/09 վճռով սահմանված երեխայի հետ տեսակցության կարգը փոփոխել և 21.10.2007թ.-ին ծնված Նուրի Ներսեսի Զաքոյանի հետ իրենց տեսակցության և շփման նոր կարգ:

Դատարանը գտել է, որ հայցը` հայցվոր Ներսես Հովհաննեսի Զաքոյանի մասով ենթակա է կարճման, իսկ Հովհաննես Զաքոյանի և Նունե Բաբալյանի մասով` մասնակի բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 2-րդ կետի` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Իսկ ինչ վերաբերում է տատի ու պապի հետ երեխայի շփվելու կարգին, ապա դատարանը սահմանել է հետևյալ կարգը` Հովհաննես Զաքոյանին և Նունե Բաբալյանին թույլատրել հանդիպել և շփվել անչափահաս Նուրի Զաքոյանի /ծնված` 21.10.2007թ.-ին/ հետ` համաձայն Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.08.2012թ.-ի թիվ 44 եզրակացության` յուրաքանչյուր կիրակի օրը ժամը 11:00-ից մինչև 14:00-ը` /առաջին երեք ամիսներին մոր ներկայությամբ/, իսկ դրանից հետո առանց Աննա Քրմոյանի մասնակցության:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել