Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։
Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը: Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։
Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։
Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:
Վերը նշված դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net