Մենք կոչ ենք անելու մթերային բոլոր խանութներին՝ տարեցների համար ժամեր սահմանել. Տիգրան Ավինյան

«Մենք կոչ ենք անելու մթերային բոլոր խանութներին՝ տարեցների համար ժամեր սահմանել, որպեսզի միայն այդ ժամերին նրանք խանութներից առևտուր անեն, հավանաբար առավոտյան ժամը 10-12-ը ընկած հատվածում, իսկ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անելու, որ այդ ժամերին խանութներ չգնան, որպեսզի շփումը հնարավորինս նվազեցնենք։ Եվ այս շրջանում կոչ ենք անում տատիկ-պապիկների հետ սկայպով շփվել»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ․ «Դեռևս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվող՝ անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դրույթին և դրա շուրջ հնչող քննադատություններին, Ավինյանը նշեց․ «Վերջին առաջարկվող փոփոխություններին դեռ ծանոթ չեմ, կծանոթանամ վաղը, նախնական տարբերակով կար այդպիսի հոդված, որով առաջարկվում էր անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դեպքում ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Պատգամավորների առաջարկների հիման վրա այդ դրույթը լրամշակվել է և վերջնական տարբերակը կներկայացվի վաղը ազգային ժողովում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել