Կորոնավիուսի պատճառով որոշ աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե կորոնավիուսը կանխելն է, այլ՝ մահերից խուսափելը։

Նշենք, որ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ևս 4 վարակվածի մասին։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, ՀՀ-ում կա 194 վարակված անձ։

Նա նշեց, որ կառավարության գործողությունների 2 ուղղություն կա․ «65-ից բարձր տարիքային խմբում մենք ունենք 9 հիվանդ, 70-ից՝ երեք հոգի, 80-ից բարձր հիվանդ չունենք, սա նշանակում է՝ ամենասուր ռիսկային գոտում հիվանդ չունենք։ Մարտի 22-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածներից 14-ն ունեն թոքաբորբ, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես 75-ից բարձր տարիքային խմբի համար, պետք է բացառվի թոշակառուների՝ փոստային ծառայությունից օգտվելը»,-նշել է նա:

Նա նշել է, որ այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն տնտեսության հետագա զարգացումն ապահովող երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել։ Կառավարությունը որոշել է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողին, որը, իր հերթին, օգտակար կլինի նաև այլ մարդկանց:

«Արդեն իսկ պատրաստվում են արտոնյալ վարկերի փաթեթներ ընկերությունների համար, որոնք կունենան աջակցության կարիք՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկայաին պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու և արտադրությունը կազմակերպելու համար: Կառավարությունը որոշել է 30-60%-ով մասնակցություն ունենալ տնտեսվարողին ֆինանսավորման պրոցեսին և սուբսիդավորել վարկերը, որ տնտեսվարողները հավելյալ վճարումներ չունենան»,- Փաշինյանը կարևորել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում արվող ներդրումները: Նա նշել է, որ գործադիրն աջակցություն կցուցաբերի անհատներին, որոնք առաջարկված գյուղատնտեսական ծրագրերով մասնակցություն են ունենում ոլորտի զարգացմանը: Նման պարագայում՝ Կառավարությունը կզրոյացնի վարկային բոլոր տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն՝ անհատների պարագայում մինչև 30%:

«Վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին մասնակցություն ունենալ, իրենց համայնքներում կարող են ձևավորել գյուղացիական կոոպերատիվներ, այդ պարագայում Կառավարրությունը կարող է 50-70 %-ով մասնակցություն ունենալ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով ՀՀ է ժամանել մեր 140 համաքաղաքացի՝ չնայած ՌԴ և վրացական կողմի արգելքներին: Նա ՌԴ-ում գտնվողներին խորհուրդ է տվել ՀՀ գալու համար օգտվել բացառապես օդային տրանսպորտից: Վարչապետն ասել է, որ աշխարհում չկա կամ չի լինելու երկիր, որը կկարողանա խուսափել կորոնավիրուսից:

«Չկա մի երկիր, որը կարող է հայտարարել, թե պատրաստ էր կորոնավիրուսին ու գիտի՝ ինչպես բուժել այն։ Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելը, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- ասել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ կորոնավիուսի պատճառով ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում հնարավոր է աշխատողներ լինեն, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը։ Կառավարությունը այդ դեպքերի համար ծրագրեր է մշակում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել