ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաև հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները:

Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍ-ից։

Ուստի, ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաննեը, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետիրականացվում է՝

1. «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր:

Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով` https://www.facebook.com/groups/497738774234372/:

2. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝

Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները, կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ,

առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Առաջին ալիքը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,

Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները,

«Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով /Տիկնիկային թատրոն, Ա․Խաչատրյան համերգասրահ, Մատենադարան, Ազգային արխիվ և այլն/,

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան+Դասական», «Կոմիտասին-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,

Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների և համերգների զետեղումկայքերում և սոցցանցերում /Գ․Սունդուկյանի անվան թատրոն, Տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտական թատրոն/:

3. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների և հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2- րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետևյալ ծրագրերի՝

1. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման և խրախուսման նպատակային ծրագիր»

2. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,

3. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն,

4. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,

5. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք- Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գևորգյանցի 75, Հրանտ Մաթևոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,

6. Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,

7. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն 2019,

8. Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,

9. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,

10. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,

11. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,

12. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիունը (էլեկտրոնային տարբերակ),

13. «Կյանքը նեոլիթում»:

Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի և Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված ծրագրերը և կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների և հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել