1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Պետական լեզու հռչակված հայերենը դարեր ի վեր հանդիսացել է հայ ժողովրդի մայրենի լեզուն:
Հայերենը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը, նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը, իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը::
Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
Այսօրվա իրականության պատկերը միանգամայն հակառակն է: Հայկական հեռուստաընկերությունների ու ռադիոների կողմից հեռարձակվող հեռուստահաղորդումների ընթացքում կիրառվող լեզվի մասին ևս մեկ անգամ խոսելն ավելորդ է: Պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող քաղաքացիների կողմից ևս հաճախ չի պահպանվում գրական հայերենով խոսելու պարտականությունը:
Այս օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին անաղարտ տարբերակով փոխանցելու մասին:
Արփինե Եղիկյան
Աղբյուրը` Իրավաբան.net