Մարտի 18֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։
Տիգրան Ավինյանը ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը: Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի:
Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»:
Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը:
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայն պարետի ցուցումի հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:
Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:
Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:
Պարետը նաև կոչ է արել նիստի մասնակիցներին հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: