Արտակարգ դրությամբ պայմանավորված չեն գործում կրթական բոլոր հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները: Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ թեպետ մարզային մանկապարտեզները համայնքի ենթակայության տակ են և իրենք են որոշում, թե ինչպես են գործում, բայց այնուամենայնիվ ենթադրում է, որ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները չպետք է վճարեն չհաճախած ժամանակահատվածի համար:
Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեցին նաև այն հարցին, թե հեռավար ուսուցման կատարման դեպքում, եթե դասընթացները նորմալ կազմակերպվում են և պլանները կատարվում, արդյո՞ք դպրոց վերադառնալուց հետո դասընթացները պետք է երկարաձգվեն ամբողջությամբ, թե հնարավոր է ուսուցանվեն միայն այն առարկաները, որոնք հնարավոր չի եղել առցանց դասավանդել:
Նման դեպքերի համար ընդհանու՞ր մոտեցում է որդեգրվելու, թե մասնակի կքննարկվեն՝ ըստ առարկաների կամ ըստ դպրոցների:
«Մենք լիարժեք վստահելու ենք տնօրեններին և ուսուցիչներին՝ գործընթացների իրականացման ժամանակ և նրանց տրամադրած ինֆորմացիայի առումով, որովհետև կարծում ենք, որ արտակարգ իրավիճակների և արտակարգ դրության այս պայմաններում մեր քաղաքացիների մեծամասնությունը դրսևորում է բարձր քաղաքացիական գիտակցություն և այն մարդիկ, ովքեր ունեն գործառույթներ՝ դրանք իրականացնում են: Առավել ևս վստահ ենք, որ ուսուցիչներն ու կրթական գործընթացի կազմակերպիչներն են նման կեցվածք դրսևորում և լիարժեք կիրականացնեն դա: Իրենց տված ինֆորմացիայի և մեր կողմից ուսումնասիրության հիման վրա մենք որոշում կկայացնենք, դրանք լինելու են մասնակի լրացման միջոցով, ամբողջական լրացման միջոցով, թե տեսնելու ենք, որ դրանք լիարժեք իրականացվել են և լրացման կարիք այլևս չկա»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում