2020թ. մարտի 10-ին` ժամը 21:50-ից մինչև 23:55-ն ընկած ժամանակահատվածում, Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի շարք բնակիչներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նշված գյուղի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից և օժանդակ շինություններից կատարվել են գողություններ:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
2020թ. մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի (բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակարաններից առերևույթ գողություն կատարած երեք անձանց ինքնությունները, ովքեր Կոտայքի մարզի բնակիչներ են: Վերջիններս հայտնաբերվել, ձերբակալվել և տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Զովունի գյուղի նշված բնակարաններից գողացված իրերը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված հանցավոր խմբի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: