Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է հաստատել՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման նպատակն է՝ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը, խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահեն ծառայությունների մատուցումը, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ, կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունը:
Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն: