«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ:
Հիշատակված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի գործողությունների (որոշումների) բողոքարկման իրավունք նախատեսված է ինչպես կատարողական վարույթի կողմերի` պահանջատիրոջ և պարտապանի, այնպես էլ կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձանց համար: Այդպիսիք են հանդիսանում արգելանքի տակ գտնվող գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը: Ի տարբերություն վարույթի կողմերի, ովքեր իրավունք ունեն բողոքարկելու հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձինք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում իրավունք ունեն դիմել դատարան: Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճի առկայության դեպքում շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:
Շահագրգիռ անձի կողմից գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցապահանջ ներկայացնելու իրավունքի ծագումը պայմանավորված չէ արգելանքի վերցնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշումը վերադասության կամ դատական կարգով բողոքարկված կամ վիճարկված լինելու հանգամանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net