ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը: Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դատավորների վարույթում գտնվող գործերի քննությունը չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում դատաքննության այն չափանիշներին, որոնք սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում:
Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ մի գործով պարզվել է, որ 2017թ. մայիսի սկզբին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո գործը հաջորդաբար վարույթ ընդունած 3 դատավորների՝ այլ դատարաններում նշանակվելու հանգամանքով պայմանավորված՝ դատական քննությունը ներկայումս դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում։
Նույն իրավիճակն է 2017թ. դեկտեմբերի սկզբին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործի պարագայում: Շուրջ երկու տարի գտնվելով դատարանի վարույթում՝ սույն գործով ոչ միայն չի կայացվել վերջնական դատական ակտ, այլ գործընթացը դեռևս դատաքննության նախապատրաստական փուլում է։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում տևական ժամանակ դատարանում գործերի քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ինչն առաջացնում է դատավարության մասնակիցների արդարացի դժգոհությունը։
Մասնավորապես՝ 2017թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավորի կողմից ընդունվել վարույթ, սակայն այս գործով նշանակված 36 դատական նիստերից կեսը՝ 18-ը, չի կայացել, ընդ որում՝ հիմնականում դատարանի ծանրաբեռնվածության կամ արձակորդում գտնվելու պատճառով։ Դատական քննության ձգձգումը ի վերջո հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրացման, ինչով պայմանավորված՝ քրեական գործի վարույթը կարճվել է և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։
Նկատի ունենալով, որ նման պրակտիկայի հետևանքով խախտվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, ինչպես նաև հնարավորություն չի ստեղծվում անձանց մեղավորության հաստատման դեպքում իրականացնել պատժի նպատակները, վտանգվում է սոցիալական արդարության վերականգնման սկզբունքի իրագործումը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել նման ձգձգվող գործերը, միջոցներ ձեռնարկել դատարանների վարույթում քննվող քրեական գործերով դրանց քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ և ձեռնարկված միջոցների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն։
Արթուր Դավթյանը նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել, որպեսզի բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը: