Թվով 21 ապօրինի տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժվել են․ քաղշին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում կատարել են վերահսկողական գործառույթներ ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների նկատմամբ։

Արդյունքում՝ Մ-1 Երևան-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի Շիրակի մարզի տարածքում հայտնաբերվել են թվով 10 ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ, Հ-32 Գյումրի-Կապս-Ամասիա, Հ-17 (Հ-21) Մանթաշ-Արթիկ և Հ-17 Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հայտնաբերվել են ևս 11-ը։ Ապօրինի վահանակների պատասխանատուներին ուղարկվել են գրավոր նախազգուշացնող ծանուցումներ՝ ապօրինի տեղադրված գովազդային վահանակների օրինականացման կամ դրանց ապամոնտաժման վերաբերյալ։ Արդյունքում թվով 21 ապօրինի տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժվել են։

Նույն ժամանակահատվածում ուսումնասիրություններ, դիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացվել նաև ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրման ոլորտում սպասարկում իրականցնող կազմակերպությունների գործունեության նկատմամբ։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են թվով 8 արձանագրություններ՝ առանց ճանապարհային թերթիկի, ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայության և առանց կողային ցուցանակի ուղևորափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ։

Խախտումներ թույլ տված կազմակերպությունների ղեկավարները հրավիրվել են Տեսչական մարմին, որոնց տրվել են համապատասխան ցուցումներ՝ սեղմ ժամկետներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել