Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-Ի N 1112-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում կամ տնային պայմաններում խնամքի տրամադրման համար ներկայացվող դիմումին կից, անձը գործակալություն կներկայացնի խնամքի տրամադրում հայցող անձի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, անչափահասների դեպքում՝ ծննդյան վկայական, հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ:
Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում խնամքը կտրամադրվի դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ՝
1) տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած միայնակ, անձանց,
2) օրենսդրությամբ սահմանված աշխատունակ խնամողներ (ծնող, ամուսին, զավակ) չունեցող անձանց, բացառությամբ, եթե սույն ենթակետում նշված անձինք գտնվում են հանրապետությունից դուրս,
3) սեփականության կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք (տուն, բնակարան) չունեցող և վերջին երեք տարվա ընթացքում անշարժ գույք չօտարած անձանց:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40%-ով կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը և դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ: