Փետրվարի 28-ին երեխաների ապօրինի որդեգրումների գործով մայրերից Նաիրա Այվազյանի երեխայի գերեզմանի արտաշիրիմում է արվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է նրա փաստաբան Սուսաննա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մոր խոսքով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական հիվանդանոցում ունեցել է տղա երեխա։
«Ինձ խափելով ասել են, որ երեխաս մահացել է, ասել է մանկական բժշկուհի Գայանե Խաչատրյանը։ Բայց իմ մայրական բնազդն ինձ ասում է, որ իմ երեխան չի մահացել։ Իմ երեխայի մարմինը չեն տվել։ Ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի մարմինն է կտրատված, սևացած, նեխած։ Չգիտեմ, ինչո՞ւ են կտրատել։ Ես 2017 թվականին բարձրաձայնել եմ, դիմել եմ ոստիկանություն, գործը կեսից կարճել են, քննիչն ամուսնուս ասել է, որ վերևներից թույլ չեն տալիս»,-նշում է նա։
Սուսաննա Սարգսյանը նշեց, որ այս պահին այլ տվյալներ հայտնի չեն, սպասում են փորձաքննության պատասխանին։