ՀՀ ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»: Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝ քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:
Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»,-նշել է նա: