Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմնադրվում է «Համահայկական բանկի մասին» օրենքի հիման վրա:
Համահայկական բանկի գործունեությունը կարգավորվում է բանկերի գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե վերոնշյալ օրենքով այլ բան նախատեսված չէ:
Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս:
Համահայկական բանկի հիմնադիրներից է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետությունը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության` որպես Համահայկական բանկի հիմնադիրների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Համահայկական բանկի հիմնադիր կամ մասնակից կարող են լինել նաև քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտներ:
Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում:
Համահայկական բանկն իր գործունեությունն իրականացնում է լիազոր մարմնի ռազմավարության ներքո: Լիազոր մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Համահայկական բանկը`
1) կարող է պարտատոմսեր և դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով և (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից.
2) չի վարում հաշիվներ և չի տրամադրում կարճաժամկետ վարկեր («Համահայկական բանկի մասին» օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).
3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) ներդրումներ:
Աղբյուրը` Իրավաբան.net