Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։ Այս մասին հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։
Ըստ այդմ, կառավարության կողմից երեկ երեկոյան տարածված հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը նիստ է գումարել։
«Արդյունքներով որոշվեց.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից»,-նշել էր նա: