Անհատական ծանուցում կիրականացվի նաև պաշտոնական էլեկտրոնային փոստով

Առաջիկայում անհատական ծանուցումն (անձին առձեռն, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն) ինտերնետի միջոցով հանրապետությունում կգործի նաև պաշտոնական էլեկտրոնային փոստով:

Ֆիզիկական անձի դեպքում այն կիրականացվի անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստով, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստով, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստի միջոցով:

Երեկ Կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարարության ներկայացրած այս օրինագծին:

Արդարադատության նախարարությունը պաշտոնական էլեկտրոնային փոստով անհատական ծանուցում իրականացնելու համար առաջարկում է փոփոխություն կատարել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև, օրենքի կիրառումն ապահովելու համար, փոփոխություններ և լրացումներ կատարել նաև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում:

Առաջարկվող փոփոխության համաձայն` նախատեսվում է նաև` օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

Եթե 10-րդ հոդվածի 1-ին կետին (վերոհիշյալ փոփոխությունը) համապատասխան ծանուցագիր ուղարկված անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, սակայն առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, ապա ծանուցագիրն ուղարկվում է ևս մեկ անգամ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` https://www.azdarar.am-ում:

Միայն վերոհիշյալ նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Նախագծի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել