2012թ. ընթացքում շարունակվել են աշխատանքները թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս մասին գրված է 2012թ.-ի հանցավորության վիճակի եւ դատախազական մարմինների կատարած աշխատանքների մասին դատախազության տեղեկանքում:
Քննվել է 24 գործ 27 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված 10 քրեական գործով դատապարտվել է 10 անձ, 4 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է, միայն մեկ քրեական գործով անցնում է 8 մեղադրյալ, մեղադրանքը պաշտպանում է վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը:
Տեղեկացնենք, որ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը դասվում է անձի ազատության, պատվի եվ արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների շարքին:
Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:
Ի դեպ, հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի գլուխ 17-ով:
Աղբյուրը` Իրավաբան.net