Անդրանիկ Իսրայելյանը և նրա ներկայացուցիչը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջի մասին (անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 24.08.2011 թվականի թիվ Մ-140/11-Փ որոշումը և որպես հետևանք պարտավորեցնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն ընդունելու բարենպաստ վարչական ակտ` վերականգնել իր` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը):
Անդրանիկ Իսրայելյանը 1988 թվականի փետրվարի 25-ի սումգաիթյան դեպքերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ստեղծված իրավիճակի պատճառով 1989 թվականին իր ընտանիքի հետ միասին բռնագաղթվել է Հայաստան։ Հայաստան ժամանելուն պես, ինչպես բոլոր փախստակաները, նրանք նույնպես դիմել են պետական լիազոր մարմնին ապաստան ստանալու խնդրանքով և հաշվառվել։ Նրանց համար նույնպես սահմանված կարգով լրացվել է «հաշվառման թերթիկ», տրվել «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի վկայական», այնուհետև` «Փախստականի վկայական»։
24.08.2011 թվականին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը թիվ Մ-140/11-Փ որոշմամբ Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը դադարեցրել է։
Ա.Իսրայելյանի մայրը` Ալվարդ Խաչատուրի Ցականյանը (ծնված 1968թ.) և հայրը` Արարատ Հարությունի Իսրայելյանը (ծնված 1961թ.) 2002 թվականի հոկտեմբերի 17-ին ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Ծնողների` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ Անդրանիկ Իսրայելյանը եղել 15 տարեկան։ Նշված հանգամանքի առաջացման պահին գործող «Փախստականների մասին» 1999 թվականի մարտի 3-ի (03.03.2004 թվականի խմբագրությամբ) ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե նրանց ծնողներն օրենքով սահմանված կարգով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»։
Փաստորեն, Անդրանիկ Իսրայելյանը` վերոհիշյալ օրենքի նշված դրույթն ուժի մեջ մտնելու պահին` 15.04.2004 թվականին, կորցրել է փախստականի կարգավիճակը, քանի որ նրա 18 տարին դեռ լրացած չի եղել։ Նշված հանգամանքը հիմք է անձի փախստականի կարգավիճակը դադարեցնելու համար։
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքաքացիների երեխաները չեն կարող շարունակել ունենալ փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք արդեն գտնվում են իրենց ծնողների կամ որդեգրողների խնամքի տակ, իսկ վերջիններս, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության քաղաքացիներ, գտնվում են այդ պետության պաշտպանության ներքո (բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված հիմքերով հետապնդվում են իրենց քաղաքացիության երկրում)։ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների և փախստականի վկայականի ուսումնասիրությունից պարզվել է նաև՝ hայցվորի և նրա ծնողների հաշվառման հասցեն նույնն է, այսինքն` hայցվորը, հանդիսանալով Արարատ Իսրայելյանի և Ալվարդ Ցականյանի երեխան, փաստացի նաև գտնվել է նրանց խնամքի տակ։
Սույն գործով դատարանը վճռել է Անդրանիկ Իսրայելյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, մերժել։
Հայցվոր Անդրանիկ Իսրայելյանը սույն գործով բերել է վերաքննիչ բողոք:
Աղբյուրը` Իրավաբան.net