Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են, այդ թվում` ըստ օրենքի ժառանգության դեպքում մեկուսացվում են ժառանգությունից, զրկվում են նրանցից ապրուստի միջոց ստանալու իրավունքից, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքներից։
Սակայն, պետք է նշել, որ ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։
Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով։
Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):
Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին, կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։
Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։
Աղբյուրը` Իրավաբան.net