Գոհար Մինասյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Լևոն Հայրումյան, Նելլի Իսրայելյան` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված 08.11.2010թ. թիվ 01/18-07/1-Հ-3039-356 ճարտարապետահատակագծային առաջադրանքի, 01.12.2010թ. թիվ 01/18-Հ-3953-734 շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը ճանաչելու և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2 հասցեում կառուցվող ավտոտնակը, ավտոտնակի վրա կառուցված հետևապատը քանդելուն և այն նախկին չափերին բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գոհար Մինասյանը հանդիսանում է Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի սեփականատերը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 2757753, տրված 10.08.2011թ.)։
Իր անմիջական հարևաններ` Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերեր Լևոն Հայրումյանը և Նելլի Իսրայելյանը, ձեռք բերելով Երևանի քաղաքապետի կողմից հաստատված 08.11.2010թ. թիվ 01/18-07/1-Հ-3039-356 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և դրա հիմքով ստանալով կրկին Երևանի քաղաքապետի կողմից հաստատված 01.12.2010թ. թիվ 01/18-Հ֊3953֊734 շինարարության թույլտվությունը, սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում գտնվող բնակելի տան բացվածքներ ունեցող ճակատին կից կատարում են ավտոտնակի շինարարություն՝ արդեն իսկ գոյություն ունեցող ավտոտնակը ճակատի մասից և կողքից լայնացնելով և երկարացնելով 2-ական մետրով։
Հայցվորի պնդմամբ՝ Լևոն Հայրումյանի և Նելլի Իսրայելյանի կողմից կատարվող շինարարության հետևանքով կոպտորեն խախտվում են իր իրավունքները և օրինական շահերը «քանի որ նախևառաջ՝ նշված առաջադրանքը և թույլտվությունը տրվել ու շինարարությունը սկսվել է առանց իր և իր ընտանիքի անդամների (որպես կից հարևանների) կարծիքը հարցնելու, առավել ևս, որ ավտոտնակը նախատեսվել է կառուցել իր սեփական տան բացվածքներ ունեցող ճակատին կից։ Բացի այդ, կառուցվող ավտոտնակն անմիջականորեն հպվում է իր տան ցանկապատին՝ անհնարին դարձնելով ցանկապատի շահագործումը, իսկ մինչև ննջասենյակների պատուհանը մնում է ընդամենը 1,5 մետր տարածություն, այն էլ իր հողամասի սահմաններում, ինչը վտանգավոր է ոչ միայն սեյսմակայանության տեսանկյունից, այլև իր բնակարան անարգելք մուտք գործելու բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Ավելին` իր սեփական տան ննջասենյակները դադարել են իրենց նշանակությամբ ծառայել, քանի որ ընդհանրապես զրկվել են բնական լույսից և օդափոխության հնարավորությունից` վերածվելով նկուղի և խոնավության օջախի։
Երևանի քաղաքապետի կողմից 18.11.2010թ. Լևոն Հայրումյանին և Նելլի Իսրայելյանին տրվել է թիվ 01/18-07/1-Հ-3039-356 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Մանուշյան փողոց 2 հասցեում ավտոտնակի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար:
Դատարանի գնահատմամբ Երևանի քաղաքապետի կողմից 08.11.2010թ. տրված թիվ 01/18-07/1-Հ-3039-356 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 01.12.2010թ. տրված թիվ 01/18-Հ-3953֊734 շինարարության թույլտվությունը, որպես վարչական ակտեր, չեն պարունակում այնպիսի կամ այնքան կոպիտ սխալներ, որոնք ակնհայտ են, այդ ակտերը գործել են և առաջացրել իրավական հետևանքներ, իսկ նշված ակտերի իրավաչափության հարցի պարզաբանումը պահանջում է լրացուցիչ գնահատում։
Հայցվորի և նրա ներկայացուցչի կողմից հայցադիմումում և դատաքննության ընթացքում ներկայացված փաստերը, հիմնավորումները և իրավական դիրքորոշումները կարող են վերաբերել բացառապես ակտի անվավերության հիմքերին և ոչ երբեք` առոչնչության։
Սույն գործով Վարչական դատարանը, Գոհար Մինասյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Լևոն Հայրումյան, Նելլի Իսրայելյան, որոշեց մերժել։
Ներկայումս սույն գործի քննությունը հայցվորի բողոքի հիման վրա շարունակում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net