«Էկոլոգիական կրթության» մասին օրենքը

Գուցե քչերն են տեղյակ, որ ՀՀ օրենսդրության մեջ տեղ է գտել «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքը (2001թ. ընդունված):

Նշված օրենքի համաձայն` էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:

Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները.

ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).

բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.

գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.

դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.

ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.

զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում՝ զինված ուժերում:

Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

Բացի այս, սահմանված են նաև էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝

ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.

բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.

գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:

Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:

Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել և ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:

Ծնողները և նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը ևս անդրադառնում է «էկոլոգիական» կրթությանը` օգտագործելով «բնապահպանություն» հասկացությունը:

Հ.Գ.

Առաջարկում ենք, որ յուրաքանչյուրս առանձին գնահատենք այս օրենքի գործողության և կիրառելության մակարդակը մեր կյանքում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել