Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:
Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը:
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ անձի միևնույն խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված փոխկապակցված հայցապահանջների դիտարկումը որպես միմյանցից տարանջատված առանձին և ինքնուրույն գործերի հարուցման հիմքեր, կարող է հանգեցնել անձի գործի ոչ արդյունավետ քննության: Օրինակ, օրենքի խախտմամբ կայացված վճռի արդյունքում Ա.-ն դարձել է բնակարանի միակ սեփականատեր, որի համասեփականատեր է նաև Բ-ն, և վաճառել բնակարանը Գ-ին: Բ-ն պետք է դիմի դատարան առուվաճառքի պայմանագրի անվավերության և Գ-ի՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:
«ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ի փոփոխումն 2008 թ. փետրվարի 11-ի թիվ 113 որոշման, 2008 թ. դեկտեմբերի 22-ին ընդունել է թիվ 123 որոշումը, որում մասնավորապես նախատեսված է, որ այն դեպքերում, երբ դատարան է ներկայացվել հայցադիմում, որը վերաբերում է տարբեր դատարաններին ընդդատյա (քաղաքացիական, ընդհանուր իրավասության և վարչական դատարանների առարկայական ընդդատություն) միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճին, ապա գործը քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:
Հիմնական է համարվում այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է հետևանք ներկայացնող պահանջների լուծման ելքը»,- Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Բերված օրինակում հիմնական պահանջ է հանդիսանում առուվաճառքի պայմանագրի անվավերությունը, իսկ Բ-ի սեփականության իրավունքի գրանցման անվավերությունը տվյալ պարագայում հանդիսանում է հետևանք:
Աղբյուրը` Իրավաբան.net