Շուրջ 5 տասնյակ մարդու թունավորման պատճառ դարձած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ

Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգումը պարզել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

Կատարվել էր նաև նմուշառում այդ պահին արտադրությունում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից: Արտադրամասից վերցված թե հումքի, թե պատրաստի արտադրանքի նմուշներում լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտւմներ չեն հայտնաբերվել:

Թեև մարզերի խանութներում Էկլերի տվյալ խմբաքանակը սպառված է եղել, սակայն լաբորատոր փորձաքննության է տրվել նաև Սյունիքի մարզում տուժած քաղաքացիներից մեկի կողմից տրամադրված չխախտված փաթեթավորմամբ էկլերը: Այդ նմուշի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին», սահմանվել է ժամկետ թերությունը շտկելու համար: Արտադրությունում անցկացվել են սանիտարահիգիենիկ ախտահանման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել