Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։
Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։
Հավելենք, որ Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: