Քննարկվում է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այսօր` փետրվարի 13-ին, հանդիպեց Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող նախագիծը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված եւ խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրեց ԵՄ երկրների եւ միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է:

Ինչպես հայտնում է ԱԺ-ի մամուլի կենտրոնից` ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարեց անկատար: Մասնավորապես, նա հեղինակներին առաջարկեց այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել եւ համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ:

ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն հայտնեց եւ ընդգծեց, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետեւաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում: Լորի Մաննը նշեց, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին եւ աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Էլինար Վարդանյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար եւ պատրաստ համագործակցության:

Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության եկան:

 

Լուսանկարը` parliament.am

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել