Անցյալ տարի նկատվել է որոշ հանցատեսակների աճ

Այսօր` փետրվարի 12-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2012 թվականի աշխատանքի արդյունքները:

Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

2012 թվականին արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում 796-ով կամ 4,8%-ով` կազմելով 15776 դեպք: Սակայն նկատվել է որոշ հանցատեսակների աճ։ Մասնավորապես, 1037 դեպքով կամ 29,6%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (4536-3499), որոնք կազմում են արձանագրված բոլոր հանցագործությունների 28,7 %-ը: Վերլուծությունը ցույց է տվել, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը աճել է 7,7 %-ով /21-28,7%/:

281-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (1640-1359) 3-ով` մարդկանց թրաֆիքինգի դեպքերը /19-16/, 34-ով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները /105-71/: 4-ով աճել են բռնաբարության կամ դրանց փորձերի դեպքերը /19-15/: 10 դեպքով նվազել են սպանության /50-60/ դեպքերը, 4-ով սպանության փորձերի դեպքերը /25-29/, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը մնացել են նույնը` 170:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 86,1%-ը կազմում են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի դեպքերը: 2012թ. ընթացքում այդ բնույթի հանցագործությունները աճել են 959 դեպքով կամ 32,6%-ով: Միաժամանակ 2012թ. արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշների աճ` այն կազմել է 96,2%:

Ինչ վերաբերում է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճին, ապա վերլուծությունը ցույց է տալիս, որ այն պայմանավորված է ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հանցագործությունների հաշվառման, գրանցման գործընթացի բարելավմամբ: Եթե նախկինում հանցագործություն կատարած անձանց և տուժողների փոխհարաբերությունները, տարբեր կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերը դուրս էին մնում ոստիկանության ստորաբաժանումների տեսադաշտից, ապա ներկայումս այդ հարցում դրական տեղաշարժ կա:
Դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքերի աճը որոշ չափով պայմանավորված է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի` խուլիգանության դեպքով նախադեպային որոշումով, որից հետո այդ բնույթի հանցագործությունների որոշ մասը որակվում են որպես մարմնական վնասվածք պատճառելու դեպքեր:

Հաշվետու ժամանակահատվածում քննվող ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին հասցեագրված` քրեական գործով նախաքննության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղ գտած բացթողումները վերացնելու անհրաժեշտության մասին 6 միջնորդագիր: Նշված միջնորդագրերի քննարկման արդյունքում որոշ ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ նախազգուշացվել են, իսկ ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանության 8 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել