https://www.unionstoday.ru կայքի փոխանցմամբ` 2012թ. հուլիսի 18-ին տեղի ունեցած բռնության միջադեպից հետո, որի արդյունքում մահացել է Հնդկստանի Մանեսար տարածքում գտնվող Maruti Suzuki India Limited գործարանի մենեջերը, աշխատողների նկատմամբ նահանգի իշխանությունները ուժեղարցրել են իրենց բռնությունները: Ներկայումս 147 աշխատող, ներառյալ արհեստակցական միության բոլոր անդամները, ավելի քան 6 ամիս գտնվում են բանտում՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի: Կալանքի սանկցիա է տրվել ևս 66 աշխատողի նկատմամբ: Բացի այդ, ընկերության ղեկավարությունն աշխատանքից ազատել է 546 մշտական և մոտ 2.300 ժամանակավոր աշխատողների:
Աշխատողների պայքարը գլխավորում է Ժամանակավոր աշխատանքային կոմիտեն, քանի որ իշխանությունները հետ են կանչել արհեստակցական միության գրանցումն ու բանտ են նետել նրա բոլոր անդամներին:
Որպես պայքարի միջոց` աշխատողները կիրառել են հանրահավաքներ, ցույցեր, զանգվածային հացադուլներ: Օրինակ, 2013թ. հունվարի 27-ին կայացած ցույցին մասնակցել են մոտ 5.000 հոգի: Սակայն ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ձերբակալում են ցանկացած ակտիվիստի, որը փորձում է զբաղվել քարոզչությամբ:
Խարյանա նահանգի վարչապետի քաղաքական հարցերով քարտուղարը հավաստիացրել է ցուցարարներին, որ վարչապետն իրենց հետ կհանդիպի փետրվարի 13-ին, որպեսզի քննարկի իրենց հուզող խնդիրները:
Պետք է նշել, սակայն, որ աշխատողները թաղթին նստած չեն սպասում իրենց բախտին և շարունակում են պայքարը քաղակակիրթ բոլոր հնարավոր միջոցներով: Այսպես, նրանք նահանգի վարչապետին և պատգամավորներին ներկայացրել են հուշագիր, որում նշված են հետևյալ պահանջները`
1. անցկացնել վերոգրյալ միջադեպի անաչառ և բարձր մակարդակով քննություն,
2. անհապաղ ազատ արձակել բանտարկված աշխատողներին,
3. անհապաղ աշխատանքի վերականգնել բոլոր ազատվածներին,
4. դադարեցնել աշխատանքային օրենսդրության խախտումները և ապահովել արհեստակցական միություններ ստեղծելու աշխատողների իրավունքի իրականացումը տարածաշրջանի բոլոր ավտոարտադրող ընկերություններում,
5. դադարեցնել մշտական աշխատողների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու անօրինական պրակտիկան:
Աղբյուրը` Իրավաբան.net