Այսօր Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել այլ անձանց տվյալներով բանկերից մեկից ապօրինի առցանց վարկեր վերցնելու դեպքի մասին։
Ինչպես պարզ է դառնում ՔԿ հայտարարությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խաբեության միջոցով վերցրել են քաղաքացիների անձնագրային տվյալներն ու նրանց անունով վարկ ձևակերպել։
Պետք է հիշել, որ անձնագրային տվյալները թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել մարդու անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности))։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ հորդորում ենք չվստահել ձեր անձնագրային տվյալները անծանոթների, անհայտ կազմակերպությունների։
Ինչ անել.
- Ուշադիր եղեք անձնական տվյալների հանդեպ, որոնք թույլ են տալիս հանդես գալ ձեր անունից կամ ձեզ նույնականացնում են (անձնագրային տվյալներ,ՀԾՀ, նույնականացման քարտի տվյալներ, կենսաչափական տվյալներ),
- մի տեղադրեք այդպիսի տվյալներ համցանցում՝ հանրամատչելի տարբերակով,
- կասկածով մոտեցեք այն դեպքերին երբ, սոցիալական ցանցերի միջոցով ձեզնից նման տվյալներ են պահանջում մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց մասին երբևէ չեք լսել, որոնք անհայտ են, ներկայացաված են միայն սոցիալական ցանցերում, չունեն հետադարձ կապի միջոցներ, այդ թվում՝ գործունեության հասցե,
- Երբ պահանջում են անձնական տվյալներ որևէ ծառայություն մատուցելու համար, բայց ակնհայտ չէ նման գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքը,
- Երբ տվյալները պահանջում են առանց համապատասխան պայմանագրի ու առանց տվյալների մշակման վերաբերյալ համապատասխան ծանուցման,
- Անձնական տվյալներ տրամադրելու միջոցով նման գործողություններ իրականացրեք միայն կասկածները փարատելուց հետո։