Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Մհեր Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002-2003թթ-ի ընթացքում Ավան Դուրյան թաղամասի 39 շենքի բակային հատվածից պատահմամբ գտել է կրակելու համար պիտանի ինքնաշեն ակասավոր հրազեն, աննկատ այն տեղափոխել և ապօրինի կերպով պահել է իր` Ավան Դուրյան թաղ. 39 շենքի 49 բնակարանում, որն էլ հայտնաբերվել է 2012թ. սեպտեմբերի 15-ին վերջինիս բնակարանի խուզարկության ընթացքում:
Որպես խափանման միջոց Մհեր Հ.-ի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանի կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net