Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։
Տեսանյութը՝ ոստիկանության