Արթիկի մի խումբ բնակիչների անուններով համայքային բյուջեից դուրս են գրվել սոցիալական օգնության գումարներ և առերևույթ յուրացվել

Ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Արթիկ համայնքի ղեկավարը 2018 թվականի օգոստոսի 6-ի հրաման-կարգադրությամբ համայնքի մի քանի տասնյակ բնակիչների որպես դրամական օգնություն համայնքային բյուջեից հատկացվել է ընդհանուր մոտ 400.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարները նշված անձանց չեն տրամադրվել և յուրացվել են համայնքի ղեկավարի կողմից: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արթիկ քաղաքի մի շարք բնակիչներ չեն ստացել իրենց անվամբ ցույց տրված զգալի չափերի դրամական օգնությունը։ Բացի այդ, նշված անձինք հերքել են դրամական օգնության ցուցակներում համապատասխան տվյալների դիմաց դրված ստորագրությունն իրենց կողմից կատարված լինելու հանգամանքը։

Նկատի ունենալով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է դեպքի բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ նշված փաստի կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել