Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ տեղաբնակ քաղաքացիներին նվիրել բնակելի տարածքներ։
Նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկն ի սկզբանե բաղկացած էր 214 բնակելի տարածքներից: Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա վերոնշյալ նախագծի N3 հավելվածում` նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում, ընդգրկվեցին 106 բնակելի տարածքներ, 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքների նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները (հնարավոր չէր եղել հստակ տալ տեղեկատվություն նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ-ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վերաբերյալ, ինչը ՀՀ կառավարության 24.03.2011թ-ի N305-Ն որոշման պահանջներից է):
ՀՀ վարչապետի 14.02.2019թ-ի N02/16.3/5305-2019 հանձնարարականով հանձնարարվել էր ստեղծել աշխատանքային խումբ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու 100 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման գործընթացը: Ստեղծվել էր աշխատանքային խումբ: Համապատասխան աշխատանքների կատարման արդյունքում Կադաստրի կոմիտեն 25.10.2019թ-ի N ՍՊ//8151-2019 գրությամբ Կոմիտե է ներկայացրել նշված 100 բնակելի տարածքներից 56 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքների արդյունքները:
Նախատեսվում է նվիրատվությամբ տրամադրել 56 բնակելի տարածքներ: Նախագծում ընդգրկվել են Կոմիտեի տնօրինության տակ գտնվող (Երևան քաղաքի Մոլդովական փող. 29/1 հասցեի, Վարդաշեն 6-րդ փողոց, 66/1 հասցեի, Աճառյան 20/3 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան գ. ուսուցչի տան, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեի, ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3-րդ փող, 33/1 հասցեի, ՀՀ Լոռու մարզի Սվերդլով գ. հասցեի, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեի և Դարբնիկ համայնքի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՌՖԷԻ-ի 1-ին և 11-րդ շենքի հանրակացարանների բնակիչները (թվով 30 բնակելի տարածքների բնակիչներ): Նախագծում ընդգրկվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երևան ք. Արցախի 61/3 հասցեի Սևանի 124 հասցեի, Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի, Իսակովի 9 հասցեի և Արթիկ քաղաքի Շահումյան 5/20 հասցեի հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները (13 բնակելի տարածքներ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան ք., Երիտասարդական 51/2 հասցեի բնակելի տարածքները (4), ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի ենթակայության ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի 15-րդ փող. 3/3 հասցեի (1 բնակելի տարածք) և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Բյուրական, Շամիրամ, Աշնակ, Վարդենուտ և Կարմրաշեն համայնքների ուսուցչի տների բնակելի տարածքները (8 բնակելի տարածքներ):
Ընդհանուր հաշվով Նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 56 բնակելի տարածքներ, 51 ընտանիքներ (133 անձինք):