Անշարժ գույքի սեփականատերերն առանց ծախսերի կկարողանան ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից. նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում  առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրել որևէ շարժական գույք:

Նախատեսվում է, որ ներխուժում  կհամարվի՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը  հեռացնելու  վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:

Ներխուժում առկա չի լինի այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:

Յուրաքանչյուր ոք իրավունք կունենա ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում և օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:

Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք կունենա խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը:

Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք կունենա լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները կսահմանի կառավարությունը:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ  նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել