ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։
Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»։
ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։
Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը։