Ե՞րբ պետք է հաշվի առնել երեխայի կարծիքը

Երեխաները ևս անհատականություն են և ցանկացած հարցի շուրջ ունեն իրենց կարծիքը:

Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։

Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը:

Ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխայի բնակության վայրի վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը, ինչպես նաև տատերի, պապերի և այլ հարազատների հետ շփվելու վերաբերյալ դատական վեճերը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիք հանձնելը ևս իրականացվում է՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել