Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։
Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։