Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքում է տարածել․ «Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում։
Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2016 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ)։
Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։
Հ.Գ. Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են։
Հ.Գ.2 Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ քաղաքականության մշակումն անխափան շարունակվելու են»,-նշել է Բադասյանը։
Հիշեցնենք, որ հրապարակախոս Նարեկ Մալյանը ավելի վաղ հայտարարություն էր արել այս հարցի վերաբերյալ և նշել. «Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը»:
Հարցի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Լենա Նազարյանը։