Փետրվարի 7-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց «Իջևանի շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գառնիկ Օհանյանի ընդդեմ Իջևանի քաղաքապետարանի` 2012թ. մարտի 30-ի թիվ 71 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0322/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռի դեմ «Իջևանի շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գառնիկ Օհանյանի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը: Արդյունքում դատարանը փոփոխել է վճիռը և անվավեր է ճանաչել Իջևանի քաղաքապետարանի` 2012թ. մարտի 30-ի թիվ 71 որոշումը։
Հիշեցնենք, Ընկերությանը հատկացված թիվ 21 ՃՀՆ-ի (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և թիվ 40 շին-թույլատվության առկայության պայմաններում քաղաքապետարանը 30.03.2012թ.-ին կայացրել է թիվ 71 որոշումը` Գառնիկ Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու այն հիմքով, որը պայմանավորված է շինմոնտաժային աշխատանքների համար փաստաթղթերի բացակայությամբ։ Քաղաքապետը որոշմամբ արձանագրել է. «Քաղաքապետարանը նշում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Իջևանի շուկա» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Օհանյանի կողմից շուկայամերձ տարածքում… իրեն պատկանող տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ», որի արդյունքում որոշել է Գառնիկ Օհանյանին տուգանել 200 000դրամ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ թեթև կոնստրուկցիաներով շվաքարանի (բացօթյա շուկայի) աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Ընկերությանը` որպես կառուցապատողի, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի կողմից 09.07.2011թ. տրվել է թիվ 21 ճարտարապետահատակագծային առաջադրանքը։ Այնուհետև, բացօթյա շուկայի և տաղավարների օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար Ընկերությանը` որպես կառուցապատողի, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի կողմից 01.12.2011թ. տրամադրվել է թիվ 40 շինարարության թույլտվությունը։
Սույն գործով վիճարկվող որոշումը կայացվել է 2012թ. մարտի 30-ին, մինչդեռ Իջևանի քաղաքապետի «Իջևանի շուկա» ՍՊԸ տնօրեն Գ. Օհանյանին տրված 09.07.2011թ. թիվ 21 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 01.12.2011թ. թիվ 40 շինարարության թույլտվությունը առ ոչինչ համարելու վերաբերյալ որոշումը կայացվել է 2012թ. ապրիլի 6-ին՝ 7 օր անց։ Այսինքն, 2012թ. մարտի 30-ի դրությամբ նշված քաղաքաշինական փաստաթղթերը հանդիսացել են գործող վարչական ակտեր և անվավեր կամ առ ոչինչ ճանաչված չեն եղել։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտավ, որ Իջևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի թիվ 71 որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն հիմք է այն անվավեր ճանաչելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net