Ինչպես գիտենք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար օրենքը երաշխավորում է նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն ունենալու իրավունքը:
Բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է նրանց փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, իսկ Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարը:
«Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն անձինք, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, գտնվում կամ բնակվում են բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կամ զորացրվել են ժամկետային զինվորական ծառայությունից, կամ վերադարձել են ազատազրկման վայրերից»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Դիմումին կցվում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ 1985-1990 թվականներին ծնված անձինք` առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, վերջին 5 տարվա ընթացքում բնակարան կամ բնակելի տարածություն օտարած չլինելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը և փաստացի բնակության վայրի մասին տեղեկանքը:
Բնակարանի կարիք ունեցող անձինք բնակարանային հաշվառումից հանվում են`
ա) բնակարանով ապահովվելու,
բ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այլ պետություն մշտական բնակության փոխադրվելու,
գ) բնակարանի կարիք ունենալու մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու,
դ) երկրորդ անգամ հատկացված բնակարանից հրաժարվելու դեպքերում:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններից (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջաններից) ստացված հերթացուցակների հիման վրա կազմում է հանրապետական հերթացուցակ՝ ըստ Կառավարության որոշմամբ սահմանված առաջնահերթության:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրապետական հերթացուցակի մեկ օրինակը և հաջորդ տարվա ընթացքում բնակարանների ձեռքբերման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաջորդ տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Աղբյուրը` Իրավաբան.net