Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեղադրյալ Արթուր Վաչիկի Խաչատրյանի՝ մարդու թրաֆիքինգ կամ շահագործում կատարելու առիթով հարուցված քրեական գործը:
Ներկայացնենք մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը. Արթուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանոթանալով Գայանե Սարիբեկյանի հետ, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպին, վերջինիս սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, նրա նկատմամբ հսկողություն սահմանելով, հետագայում նաև Գ. Սարիբեկյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով մինչև 2006թ. հունվար ամիսը դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ` տիրապետելով նրա վաստակած գումարներին և դրանք տնօրինելով անձնական կարիքների համար: Այնուհետև, շարունակելով հանցավոր գործնեությունը, նախնական համաձայնության գալով կավատվությամբ զբաղվող ոմն Տանյայի հետ, Գ.Սարիբեկյանին տեղափոխել է Թուրքիա, և չորս ամիս նրան դրել և պահել է սեռական շահագործման մեջ:
Դատավարության կողմերն են մեղադրող Ա.Մարուխյանը, մեղադրյալ՝ Արթուր Խաչատրյանը, պաշտպան Գեղամ Հակոբյանը և տուժող Գ.Սարիբեկյանը, նախագահող դատավոր՝ Վարդան Աբրահամյանը:
Նշենք նաև,որ դատական քննությունն արդեն երկու անգամ հետաձգվել է համակարգչի խափանման և նախագահող դատավորի վատառողջ լինելու պատճառով:
Դատական նիստ է նշանակվել 12 փետրվարի 2013թ.
Ծանուցում՝ համաձայն անմեղության կանխավարկածի սկզբունքի անձն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net