Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նշելով, որ մամուլից է տեղեկանում այն մասին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրեն դատի է տվել:
«Շնորհակալություն ՀՀ-ում ազդեցությամբ 2-րդ պաշտոնյային ուրախ տոնական տրամադրություն հաղորդելու համար: Հայաստանի Հանրապետության ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան դատարանում պետք է ապացուցի, որ ՊԼԱՆՔԱՇ չի!!! Սրանից ավելի ուրախ բան չէր կարող լինել:
Հ.Գ. Ի դեպ ես որևէ ծանուցում չեմ ստացել որևէ մարմնից ու էս նվերի մասին իմանում եմ մամուլից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի դեմ:
Նշենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ. «Պարզ է, չէ՞, որ Արարատ Միրզոյանը մինչ իշխանական հաճույքներից օգտվելը նման բան իրեն չէր կարող թույլ տալ, պարզ է, չէ՞, որ մարդը, որ չի կարողանում ապառիկը վճարել, այսպիսի հաճույքների մասին երազել անգամ չէր կարող (գրառումը խմբագրված է թղթակցի կողմից)»,-նշել էր Սամսոնյանը։ Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,- գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ: