Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել է դատարան: Նա պահանջում է Նարեկ Սամսոնյանից վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ. «Պարզ է, չէ՞, որ Արարատ Միրզոյանը մինչ իշխանական հաճույքներից օգտվելը նման բան իրեն չէր կարող թույլ տալ, պարզ է, չէ՞, որ մարդը, որ չի կարողանում ապառիկը վճարել, այսպիսի հաճույքների մասին երազել անգամ չէր կարող (գրառումը խմբագրված է թղթակցի կողմից)»,-նշել էր Սամսոնյանը։ Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,- գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել